Աղբիւր՝ www.yerkir.am

Ազգայնական ուղղւածութիւն ունեցող թուրքական «Sözcü» թերթում յօդւած հեղինակած Զէյնեփ Գիւրջանլըն անդրադարձել է Տէր Զօրի հայկական եկեղեցին վերկանգնելու մասին Սիրիայի նախագահի խոստմանը:

Սիրիական հարցի վերաբերեալ «Ասադը բացում է հայկական խաղաքարտը» վերնագրով յօդւածում հեղինակը խոսել է Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակին կառուցւած Տէր Զօրի Սրբոց Նահատակաց եկեղեցու վերականգնման թեմայից: Թուրք վերլուծաբանն Ասադի յայտարարութիւնը Թուրքիայի դէմ ուղղւած քայլ է համարում՝ գրելով, որ Սիրիայում 7 տարի տևած քաղաքացիական պատերազմում յաղթել է Ասադը, և Թուրքիայի հարևան Սիրիայում իշխանավարում է թշնամական վարչակազմը:

«Ի՞նչ եք կարծում` Ասադի «վերանորոգման առաջնահերթութիւնների» ցուցակում ինչը պետք է լինի՝ էներգետիկ, քաղաքային ենթակառուցւածքնե՞րը, կառավարական շէնքե՞րը, թէ՞ քաղաքացիների տները և աշխատավայրերը: Սրանցից ոչ մէկը: Ասադի ցուցակում առաջին տեղում Թուրքիայի գլխացաւանք 1915-ի դէպքերի խորհրդանիշն է գտնւում: Ասադը նախորդ շաբաթ հայկական պատւիրակութեանն էր ընդունել և նրանց խոստացել պետական միջոցներով վերականգնել Տէր Զօրում այսպես կոչւած «Հայոց ցեղասպանութեան» յիշատակին կառուցւած եկեղեցին, որն աւերւել էր ԻՊ-ի («Իսլամական պետութիւն» ահաբեկչական կազմակերպութիւն-խմբ.) կողմից»:

Գիւրջանլըն նշել է, որ վերոնշեալի շարունակութիւնն է լինելու նաև Եփրատի արևելքում տիրապետող Սիրիայի քրդերի, որոնց համարում է ՔԲԿ-ի ճիւղաւորում, և Սիրիայի իշխանութիւնների համագործակցութիւնը: Նա նշել է, որ Մանբիչում արդեն այդ համագործակցութիւնն առկայ է, և քրդերը կառավարական բանակին են թողել քաղաքի ծայրամասային թաղամասերի վերահսկողութիւնը: Նրա դիտարկմամբ՝ այդ համագործակցութեանն աջակցում է Ռուսաստանը, և այդ համագործակցութիւնը վերջնարդիւնքում գլխացաւանք է դառնալու Թուրքիայի համար:

Նշենք, որ 2014 թ. սեպտեմբերի 21-ին «Իսլամական պետութիւն» ահաբեկչական կազմակերպութեան անդամների կողմից պայթեցւած Սրբոց Նահատակաց մատուռը կառուցւել է Տէր Զօրի նախկին Սբ Հռիփսիմէ եկեղեցու և Ազգային վարժարանի տեղում։ Հիմնարկեքը կատարւել է 1985-ի մայիսի 12-ին Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Գարեգին 2-րդի ձեռամբ: Շինարարական աշխատանքներն աւարտւել են 1990-ի նոյեմբերին: Այն ամբողջանում է Սրբոց Նահատակաց յուշահամալիրով։ Սրբոց Նահատակաց մատուռի ներքնահարկում են գտնւում Խաչելութեան, Նահատակութեան և Եղեռնի սրահները։ Այստեղ ամփոփւած են նաև Տէր Զօրի անապատներում մարտիրոսացած Մեծ եղեռնի բազմաթիւ զոհերի մասունքները։

Նախքան ռազմական գործողութիւնները, Տէր Զօրում բնակւում էր մօտ 20 հայ ընտանիք։